Շատ տարիներ առաջ էր, Ստեփանավանում էի: Շրջեցի, ծանոթացա պատմական վայրերին: Զարմանքով պարզեցի, որ Ստեփանավանում ծնված, կյանքի մի տևական շրջանը հայրենի բնօրրանում ապրած լոռեցին միայն լսել էր «Լոռե բերդի» մասին, համարում էր իրենը, ու սրանով ավարտվում էր ծանոթությունը սեփական քաղաքի պատմության հետ: Իրականում զբաղվածության, չկարևորելու կամ մի ուրիշ պատճառով մենք բոլորս էլ հաճախ անցնում ենք պատմության կողքով: Ավելի վատ տեղեկության էլ բախվեցի. հուշարձանի տարածքից քարերը հանում-տանում-օգտագործում են շինարարության մեջ: Այս տարի բոլորովին այլ էր տպավորությունս «Լոռե բերդից». հուշարձանի տարածքը բարեկարգ էր, այցելուները՝ շատ, բայց մեր այցից առաջ դժբախտ դեպք էր գրանցվել. տեղացի մի երեխա բարձունքն այնքան իրենն էր համարել, այնքան էր ցանկացել գեղեցիկ տեսարանի ֆոնին լուսանկարվել, որ զրկվել էր կյանքից: Երկիրը ճանաչելու, պատմական միջավայրը պահպանելու, պատմական հուշարձանը այցելուների համար առավելագույնս անվտանգ դաձնելու խնդիրների մասին է խոսքը:
Անցնենք պաշտոնական լրահոսին: «Ամբերդ ամրոց» և «Լոռե բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցների մուտքը վճարովի է դարձել։ Մի քիչ ուշացած ու կարևոր որոշում էր: Այս եզրակացությանն ենք հանգում պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի փոխտնօրեն ԽՈՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆի հետ զրույցից հետո: Նախ՝ փորձեցինք պարզել՝ տոմսային տնտեսությունը ինչու՞ որոշվեց սկսել «Ամբերդից» և «Լոռե բերդից»:
«Եթե «Զորաց քարերից» սկսեինք, դուք պիտի հարցնեիք՝ ինչու՞ «Զորաց քարերից»: Բոլոր արգելոցները հընթացս պետք է մտնեն տոմսային տնտեսության մեջ»,- հակադարձեց ՊՈԱԿ-ի փոխտնօրենը, նշելով, որ հերթականությունը իրենց աշխատուժով, մարքեթինգային աշխատանքով, մշակութային միջոցառումների կազմակերպմամբ է պայմանավորված: «Ամբերդն» ու «Լոռե բերդը» առավելագույնս հանրհառչակվել են թե՛ ներսում, թե՛ դրսում, այսօրվա տվյալներով, ճանաչելիությունից դատելով, տոմսային տնտեսություն մտնելիս խնդիր չեն ունենա:
Կա կարծիք, որ սիրված արգելոցների մուտքը վճարովի դարձնելուց հետո կպակասի այցելուների թիվը: Մեր այս դիտարկմանն ի պատասխան՝ Խորեն Գրիգորյանն ասաց, որ այդ մտավախությունը գալիս է ոչ թե հանրությունից, այլ զբոսաշրջային ընկերություններից. «Ես ուրիշ հարց ունեմ. որևէ չափման միավոր կա՞, թե զբոսաշրջային ընկերությունների սահմանած գներն ինչո՞վ են պայմանավորված»: Ինչպես վերևում նշեցինք, «Լոռե բերդում» երեխա էր մահացել: Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ հիմա արդեն ձորը երկուսուկես մետր բարձրությամբ պաշպանիչ ճաղավանդակներ ունի, ինչը էժան հաճույք չէ: Այդ գումարը հատկացվել է «Գառնի», «Զվարթնոց», «Մեծամոր» արգելոց-թանգարանների տոմսային տնտեսության շնորհիվ: Նախատեսում են նաև «Բջնիում» ճաղավանդակների անցկացում: «Ենթակառուցվածքների զարգացումը առաջին հերթին միտում ունի հուշարձանը առավելագույնս ապահով դարձնելու: Եթե դու ներդրում չանես, չես կարող ինչ-որ բան ստեղծել-զարգացնել: Մենք խնդիր ունենք բարելավելու սանիտարական պայմաները, սանհանգույց ունենալու, էլեկտարականություն ապահովելու, ջրհորդաններ կառուցելու, որովհետև սելավների ժամանակ «Ամբերդում», օրինակ, ջուրը հոսում է դեպի բերդ, եկեղեցի»: ՊՈԱԿ-ի տնօրենի բնորոշմամբ՝ ներգնա զբոսաշրջիկը պետք է գիտակցի, որ հուշարձանի պահապան է, իր տված գումարը ոչ թե հաճույքների վրա են ծախսում, այլ հուշարձանը հասարակությանն առավելագույնս հասանելի դարձնելու, որ մենք չիմանանք միայն Գառնիի, Գեղարդի ու Զվարթնոցի տեղը:
Անվտանգության խնդրին անդրադառնալով նկատեցի, որ ճաղավանդակները, նախազգուշացնող ցուցանակները կարևոր են, բայց, որքան էլ ցուցանակն արգելում է պատերին չբարձրանալ, միևնույն է, երեխաները բարձրանում են:
«Ես չեմ հասկանում՝ ինչ պետք է անել, որ ուսուցիչը, երբ բերում է երեխաներին էքսկուրսիայի, գիտակցի, որ չի կարելի կիսաավեր հուշարձանի վրա բարձրացնել երեխաներին: Մենք և՛ եթերով, և՛ զբոսաշրջային ընկերությունների միջոցով փորձում ենք բացատրել, որ ձեզ հաճույքից չենք զրկում, տրամաբանական չէ մահվանն ընդառաջ գնալը»,- ասաց մեր զրուցակիցը:
«Մենք ուրիշ խնդիր էլ ունենք. մեր ՊՈԱԿ-ի իրավասությունները սահմանափակված են բարեկարգումների, օգտագործման ու պահպանման շրջանակում, բարեկարգման մեջ չի մտնում վերականգնումը, բայց մենք հուշարձանների դեսպաններն ենք, նախարարությանը, գործակալությանը ներկայացնում ենք, թե որ հուշարձանը անհապաղ վերականգնման կարիք ունի: ՈՒ եթե ենթակառուցվածքները զարգացնեն, մենք խոսելու տեղ կունենանք, կվերականգնեք կառույցը, որովհետև դա գրավում է զբոսաշրջիկներին»,- հավելեց մեր զրուցակիը:
Տոմսային տնտեսությունը հետագայում կտարածվի «Բջնի», «Զորաց քարեր», «Ագարակ» արգելոցներում: Տեղի բնակիչները կարող են ազատ մուտք գործել արգելոցի տարածք, ինչպես ընդգծեց Խորեն Գրիգորյանը՝տեղի բնակիչը հուշարձանի առաջին պահապանն է:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ